«Ես երդում տված եմ եւ կպատկանիմ մեկ մարդու: Այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ չեմ խնայեր: Ես երդում տված եմ՝ Արցախն իմ առաջին պայքարը չէ, վստահ եմ, որ վերջինն ալ չի ըլլալու… Այն կամայական սահմանները, որ գծեցին 1921-ին, ոչ մի կապ չունի իրականության հետ, եւ մենք պիտի վերահաստատենք իրականությունը մեր զենքով»․ Մոնթե Մելքոնյան
Հայ մարտիկների շուրթերին նրա անունը հնչում էր ակնածանքով ու հնչում էր երդման պես: Ծերերի ու մանուկների համար այդ անունը սփոփանք էր ու ապավեն, իսկ թշնամական ճամբարում այն տարածում էր ահ ու սարսափ:
«Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ եւ բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են: Յուրաքանչյուր ժողովրդի հաղթանակ առաջին հերթին ազգային համախմբվածության արդյունք է, որ պիտի կառուցված լինի խելամիտ հաշվարկների վրա». սա՛ էր Մոնթեի համոզմունքը, նա առաջնորդվում էր հենց այդ սկզբունքներով:

Մոնթե Չարլզի Մելքոնյանը (մարտական անունը՝ Ավո), ծնվել է 1957 թ. այս օրը՝ նոյեմբերի 25- ին, ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վիսեյլիա քաղաքում: Նրա ծնողները՝ վարպետ հյուսն Չարլզ եւ ուսուցչուհի Զաբել Մելքոնյանները, Արեւմտյան Հայաստանից գաղթածների ժառանգներ էին, ովքեր ջանում էին մոռանալ իրենց հայրենիքի ողբերգական անցյալն ու զավակներին ոչինչ չէին պատմում այդ մասին:
Մոնթեն, ավարտելով դպրոցը, տնօրեն Դեվիդ Գրեյմսի առաջարկով մեկնում է Ճապոնիա՝ այնտեղ ուսումը շարունակելու: Այս որոշումը պատահական չէր՝ նա երկար ժամանակ այցելել էր կարատեի խմբակներ եւ Կալիֆորնիայի նահանգի պատանիների մինչեւ 14 տարեկան խմբի չեմպիոն էր, ուսումնասիրել էր ճապոնական մշակույթը, մասնակցել ճապոներենի դասընթացներին: Մեկուկես տարում Օսակա քաղաքի ճեմարանն ավարտելուց հետո մեկնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդիստական վանականի մոտ: Ապա գնում է Վիետնամ, ականատես լինում պատերազմական արհավիրքների, լուսանկարում սոսկալի պատկերներ:

1978-ին Մոնթեն արդեն Իրանում էր ու մասնակցում է շահի դեմ ժողովրդական զանգվածների ցույցերին: Նույն թվականին մեկնում է Լիբանան, որտեղ քաղաքացիական պատերազմն իր տարերքի մեջ էր: Բեյրութում մասնակցում է հայ համայնքի ինքնապաշտպանական մարտերին: Այստեղ նա սովորում է նաեւ արաբերեն: Ի դեպ, 22 տարեկանում ապագա զորահրամանատարը զարմանալի ընդունակությունների շնորհիվ կատարելապես տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին…
ԱՄՆ Բերկլիի համալսարանում հնագիտության եւ ասիական պատմության մասնագիտություն ստանալուց հետո հիմնում է «Հայ ուսանողական միություն» խմբակը, կազմակերպում ցուցահանդես՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանությանը: Նրա ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը: Այնուհետեւ ընդունվում է Օքսֆորդի համալսարան, սակայն Անգլիա մեկնելու փոխարեն գնում է Արեւմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարաններն ու կացարաններն ուսումնասիրելու եւ չափագրելու նպատակով:

Թուրքական եղեռնագործ պետության դեմ նրա պայքարն սկսվում է 1980-ին՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին անդամագրվելով: Մեկ տարի անց Մոնթեի մասնակցությամբ կազմակերպվում է հայտնի «Վան» գործողությունը: Նույն թվականի նոյեմբերին Օռլիի օդանավակայանում ձերբակալվում է կեղծ անձնագիր եւ ատրճանակ կրելու մեղադրանքով, դատապարտվում 4 ամսվա ազատազրկման, ավելի ուշ՝ դատարանի վճռով վտարվում Ֆրանսիայից: Դատարանում հայտարարում է. «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան: Դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն…»:
1985-ին նորից է հայտնվում Ֆրանսիայում եւ նորից ձերբակալվում՝ այս անգամ ահաբեկչություն կազմակերպելու մեղադրանքով: Բանտից դուրս է գալիս, երբ Հայաստանում սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները: Ապագա կինը՝ Սեդան, որ ուսանող էր Երեւանում, նամակներով հանգամանորեն տեղեկացնում է այստեղ կատարվող իրադարձությունների մասին: Եվ Մոնթեն շտապում է վտանգված հայրենիք:

Երեւանում հիմնում է «Հայրենասերների» ջոկատը: Դա 1991-ին էր: Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախ, որտեղ նրան անվանակոչում են Ավո: Ռազմական մասնագիտական հմտություններ ցուցաբերելու շնորհիվ ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունները: Կարճ ժամանակամիջոցում շահում է ոչ միայն տեղի բնակչության, այլեւ համայն հայության հարգանքն ու սերը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դառնում է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: Զինվորականի ու զորահրամանատարի նրա տաղանդը փայլում է հատկապես 1993 թ. մարտ-ապրիլին հայրենի Քարվաճառն ազատագրելու մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Աղդամի եւ Մարտունու շրջանների սահմանագծի բարձունքների համար մարտը վերջինն էր անմահ զորավարի համար…Դա 1993 թ. հունիսի 12-ին էր, Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում…
Մոնթեի կոչն էր. «Իմ կենացը մի խմեք, այլ շարունակեք իմ գործը»:

