Logo

Իլոն Մասկը մեկնաբանել է մարդկանց չիփավորելու անհրաժեշտությունը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:19 / 15.08.2022• LIFETECH
Իլոն Մասկ-չիփավորում

Իլոն Մասկը չիփավորումը համարում է մարդկության համար լավ ապագա ստեղծելու անհրաժեշտություն։

Մարդու ուղեղում չիփի տեղադրումը կարող է օգնել հաշմանդամություն ունեցողներին: Այդ մասին Tesla-ի և Neuralink-ի հիմնադիր Իլոն Մասկը գրել է չինական «China Cyberspace» ամսագրի համար նախատեսված հոդվածում։

Մասկը նշել է, որ Neuralink-ի նեյրոնային չիփերը ներկայում ինդիվիդուալ կարգով օգնում են մարդկանց, որոնք լուրջ վնասվածքներ են ստացել: Որպես օրինակ նա պատմել է 25-ամյա երիտասարդի մասին, որը մոտոցիկլետով վթարի է ենթարկվել և այժմ չի կարողանում ինքնուրույն ուտել։ Գործարարը բացատրել է, որ այս դեպքում չիփը ծրագրավորվելու է ուղեղի տրավմատիկ վնասվածքները բուժելու կամ մեղմելու համար։

Նոր տեխնոլոգիան կարող է նաև նպաստել ողնաշարի վնասվածքներով մարդկանց վերջույթների աշխատանքը վերականգնելուն: Բացի այդ, այն կարող է օգտագործվել հոգեկան խանգարումներ բուժելու համար: Չիփերը կաթվածահար եղած մարդկանց ևս կօգնեն․ նրանք կկարողանան իրենց ուղեղն օգտագործել համակարգիչների և սմարթֆոնների հետ աշխատելու համար:

«Նեյրոհամակարգչային ինտերֆեյսի զարգացմամբ երկարաժամկետ հեռանկարում այս տեխնոլոգիան կընդլայնի արտաքին աշխարհի և մարդու ուղեղի միջև կապը, նրան հասանելի կլինեն նոր նեյրոնային տվյալներ»,- գրել է Մասկը:

Գործարարը կարծում է, որ իր ընկերությունների տեխնոլոգիաները կօգնեն մարդկությանը՝ ունենալու լավագույն ապագա։

fastnews-ads-banner