Logo

Հնդկաստանը մինչև 2030-ը կդառնա աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությունը. S&P Global և Morgan Stanley

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:50 / 05.12.2022• LIFETECH
null

Հնդկաստանը կանցնի Ճապոնիային և Գերմանիային՝ դառնալով աշխարհի երրորդ խոշոր տնտեսությունը։ Մինչև 2030 թվականը ասիական այս երկրի անվանական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կպահպանվի 6,3 տոկոսի մակարդակում, իսկ մինչև 2031-ը ՀՆԱ-ն ավելի քան երկու անգամ կաճի ներկա ցուցանիշի համեմատ, հայտնում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով S&P Global վերլուծական ընկերության և Morgan Stanley Bank-ի կանխատեսումները։

«Հնդկաստանի համախառն ներքին արդյունքի տարեկան անվանական աճը կկազմի միջինը 6,3% մինչև 2030 թվականը։ Հնդկաստանի ՀՆԱ-ն, ամենայն հավանականությամբ, մինչև 2031-ը կկրկնապատկի իր ներկա մակարդակը։ Այս գործոնները Հնդկաստանը կդարձնեն աշխարհում երրորդ խոշորագույն տնտեսությունը և արժեթղթերի շուկան մինչև տասնամյակի վերջը»,- հայտարարվում է նյութում։

Միևնույն ժամանակ, կանխատեսումների իրականացումը կախված է Հնդկաստանի առևտրի և ֆինանսական ազատականացման շարունակությունից, աշխատաշուկայի բարեփոխումներից, ինչպես նաև այդ երկրի ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում ներդրումներից։ Այդուամենայնիվ, երկիրն արդեն ունի բոլոր նախադրյալներն առաջիկա տարիների «տնտեսական բումի» համար, ասում են Morgan Stanley-ի վերլուծաբանները՝ Ռիդամ Դեսաիի և Գիրիշ Աչիպալիայի գլխավորությամբ։

«Հնդկաստանում պայմաններ են ստեղծվել տնտեսական բումի համար, որն առաջացել է օֆշորիզացիայի, արտադրության մեջ ներդրումների, էներգետիկայի անցման և երկրի զարգացած թվային ենթակառուցվածքի հետևանքով»,- եզրակացրել են ամերիկյան բանկի փորձագետները։
 

fastnews-ads-banner