Նախկինում առաջարկում էին առգրավել ավտոմեքենաները և նույնիսկ տրամադրել մոբիլիզացված ռուսաստանցիների ընտանիքներին։
ՌԴ ներքին գործերի նախարարությունը սկսել է Ռուսաստանի և Վրաստանի սահմանին՝ Վերին Լարսի անցակետի մոտ, ռուսների թողած մեքենաների տարհանումը։ Ավտոմոբիլային փորձագետ Ալեքսանդր Շումսկին Telegram-ում հայտնել է, որ անցակետում հարյուրավոր լքված մեքենաներ են կուտակվել։
Այժմ դրանք տարհանում են հատուկ կայանատեղիներ։ Ովքեր ցանկանում են հետ ստանալ մեքենաները, ստիպված կլինեն վճարել քարշակի համար։
Սահմանին հայտնաբերված մեքենաները կտրամադրվեն միայն սեփականատիրոջը՝ մեքենայի անձնագրի ներկայացմամբ, նշում է Շումսկին։ Միաժամանակ, նոտարով վավերացված լիազորագրի առկայությամբ մեքենան կարող է վերցնել մեկ այլ անձ:
«Արտահանձնման դիմումը պետք է գրանցվի Ներքին գործերի նախարարությունում, հետևաբար հանգստյան օրերին մեքենա վերցնել չի հաջողվի»,- գրել է փորձագետը:
Սեպտեմբերի վերջին Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո Վերին Լարսի անցակետում սկսեցին կուտակվել երկիրը լքել ցանկացող ռուսների մեքենաները։ Անվերջ խցանումներ էին Լարսում, ավելի քան 5000 մեքենայի շարանը ձգվում էր երկար կիլոմետրեր, մարդիկ ստիպված էին օրերով սպասել իրենց հերթին։ Այդ պատճառով շատերը հենց տեղում թողնում էին մեքենաները՝ ոտքով հատելով սահմանը։