Logo

Հայաստանը մեկ տարում Վրաստան է արտահանվել 365 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:52 / 18.04.2023LIFETECH
null

ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2022 թվականի կատարողականը: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2022 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական համակարգում անցում է կատարվել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի (ԷՄՇ) նոր մոդելին, որի հիմնական նպատակն արդարացի գնագոյացման մեխանիզմի կիրառումն է։

2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ օրական սպառվող էլեկտրաէներգիայի 13,8%-ը վաճառվել է ազատ շուկայում՝ չկարգավորվող գներով։ ԷՄՇ-ն խթան է հանդիսացել էլեկտրաէներգիայի միջպետական առեւտրի համար։

2022 թվականի ընթացքում Հայաստանից Վրաստան արտահանվել է 365 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որն ավելի է, քան նախորդ 10 տարվա հանրագումարը (242 մլն կՎտ/ժ)։

Զեկույցում նշվում է, որ զգալիորեն աճել է ինքնավար էներգաարտադրողների (սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա արտադրող արեւային կայաններ) թիվը։ 2022 թվականի վերջին ինքնավար էներգաարտադրողների թիվը կազմել է 10282՝ գումարային 196,87 ՄՎտ հզորությամբ:

2022 թվականի տարեվերջի դրությամբ էլեկտրաէներգիա է արտադրում մինչեւ 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ 60 արեւային էլեկտրակայան՝ գումարային, շուրջ 204,79 ՄՎտ դրվածքային հզորությամբ: 2022 թվականի տարեվերջի դրությամբ էլեկտրաէներգիա է արտադրում 4 հողմային էլեկտրակայան՝ գումարային, շուրջ 4,23 ՄՎտ դրվածքային հզորությամբ:

Իրականացված արդիականացման աշխատանքների շնորհիվ 2022 թվականին Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2031 թվականը, կայանը ստացել է շահագործման նոր լիցենզիա։

Նշվում է նաեւ, որ ավարտվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (ԲԷՑ) «Լիճք» 220 կՎ եւ «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանների վերակառուցման աշխատանքները, եւ ենթակայաններն ամբողջությամբ դրվել են լարման տակ:

Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքների գրեթե 80%-ն ավարտվել է։ Աշխատանքներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2023 թվականի դեկտեմբերին:

fastnews-ads-banner