Արդյունաբերություն, մարդանման ռոբոտներ և պրոթեզավորում. ահա՛, թե որտեղ են ստեղծողները տեսնում նոր տեխնոլոգիայի կիրառումը:
Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները ստեղծել են արհեստական մատ, որը կարող է ճշգրիտ որոշել, թե մակերեսներն ինչից են պատրաստված: Գիտնականներն իրենց մշակումը հրապարակել են «Science Advances» ամսագրում:
Գիտնականները ցանկացել են ստեղծել մեխանիզմ, որը կարող է տարբերել նյութերը հպումով։ Դրա համար նրանք քառակուսի պոլիմերային սենսորներ են տեղադրել մատի ձևով պլաստիկ պատյանների վրա: Յուրաքանչյուր սենսոր ունի յուրահատուկ էլեկտրական հատկություններ:
Ստեղծողները սարքը փորձարկել են ապակու, փայտի, սիլիցիումի և պլաստիկի նմուշների վրա։ Ռոբոտացված մատը մինչև 96,8% ճշգրտությամբ կարողացել է նշել, թե ինչի է դիպչում: Բոլոր մակերեսների նվազագույն ճշգրտությունը 90% է:
Այնուհետև սարքը փորձարկվել է՝ հազարավոր անգամներ կիրառելով տարբեր մակերեսների վրա: Մատը դիմացել է փորձարկմանը։ Գիտնականների կարծիքով՝ դա հնարավորություն կտա օգտագործել սարքի մշակումը արդյունաբերության մեջ, օրինակ՝ արտադրանքի փորձարկման ժամանակ։
Այն նաև կծառայի մարդկանց. դրա միջոցով կարելի է ստեղծել պրոթեզային վերջույթներ, որոնք տարբեր մակերեսների դիպչելիս իրական շոշափելիքի արձագանք կտան:


