Եվրոպայում գազի բորսայական գները շարունակել են աճել «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումների կրճատման պատճառով: Հուլիսի 26-ի երեկոյան ICE բորսայում գազի օգոստոսյան ֆյուչերսները վաճառվել են հազար խորանարդ մետրի դիմաց 2244 դոլարով։ Մեկ օր առաջ առևտուրն ավարտվել էր հազար խորանարդ մետրի դիմաց 1852 դոլարով:
Ինչպես նշում է РБК-ն, 2200 դոլարի նշագծից գազի բորսայական գինը եվրոպական առևտրային հարթակներում նախորդ անգամ բարձրացել է 2022 թվականի մարտի 9-ին:
Եվրոպայում գազը թանկանում է այն բանից հետո, երբ ռուսական «Գազպրոմը» հուլիսի 25-ին հայտարարեց, որ երկու օրից կնվազեցնի «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մղումը նախատեսված թողունակության մինչև 20%։ Գազի մատակարարումները կրճատվում են Siemens-ի երկրորդ տուրբինի վերանորոգման անհրաժեշտության պատճառով։
Հունիսի կեսերին «Գազպրոմը» կրճատեց «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումները մինչև 40%-ը՝ բացատրելով, որ պատժամիջոցների պատճառով չի կարող վերադարձնել Siemens-ի առաջին տուրբինը Կանադայից, որտեղ այն վերանորոգվում էր։ Կանադայի իշխանությունները, որպես բացառություն, համաձայնել են տուրբինը փոխանցել «Գազպրոմին», սակայն հուլիսի 26-ի դրությամբ այդ սարքավորումը շահագործման հանձնելու մասին չի հաղորդվել։


