Սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական պետական կորպորացիան կորցնում է վաղեմի գործընկերոջը։
Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) բանակցություններ է սկսել ամերիկյան SpaceX ընկերության հետ՝ ռուսական «Սոյուզ» հրթիռները Falcon 9-ով փոխարինելու համար, գրում է Reuters-ը։
Խնդիրն այն է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով օտարերկրյա շատ ընկերությունների այլևս հասանելի չէ «Սոյուզը»: Այդ պատճառով ԵՏԳ -ն դիտարկում է այլընտրանքային տարբերակներ։ Դրանց թվում են գործակցությունը ճապոնական և հնդկական տիեզերական ընկերությունների, ինչպես նաև ֆրանսիական Arianespace-ի հետ, որը համարվում է Իլոն Մասկի SpaceX-ի գլխավոր մրցակիցներից մեկը։ ԵՏԳ-ի գլխավոր տնօրեն Յոզեֆ Աշբախերի խոսքով՝ Մասկի ընկերության հետ գործակցությունն ամենաարդյունավետը կլինի։
Այս գարնանը «Ռոսկոսմոսի» որոշ նախկին հաճախորդներ արդեն գործակցություն են հաստատել SpaceX-ի հետ։ Եթե ԵՏԳ-ն ընդհանուր լեզու գտնի ամերիկյան ընկերության հետ, ապա դա մեծ հաջողություն կլինի Falcon հրթիռներ արտադրողի համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բրիտանական OneWeb ընկերությունը պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ, որի շնորհիվ «Ռոսկոսմոսի» հետ պայմանագրի խզումից հետո կազմակերպությունը պահպանել է արբանյակների արձակումն ավարտելու հնարավորությունը՝ ապահովելու անվտանգ արդյունաբերական հաղորդակցություններ ամբողջ աշխարհում:


