Անհետացած նորզելանդական հույա թռչնի փետուրը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 28.400 դոլարով, հայտնում է CNN-ը։ Հույա թռչնի փետուրը, որը նախատեսվում էր վաճառել 3000 նորզելանդական դոլարով (1830 ԱՄՆ դոլար) գերազանցել է իր գինը՝ դառնալով աշխարհում երբևէ վաճառված ամենաթանկ փետուրը: «Այս հազվագյուտ փետուրը Նոր Զելանդիայի բնական պատմության հրաշալի օրինակ է և հիշեցնում է մեզ մեր էկոհամակարգի փխրունության մասին», - պատմել է Օքլենդի աճուրդի տան դեկորատիվ արվեստի ղեկավար Լիա Մորիսը: Նոր Զելանդիայի թանգարանի տվյալով՝ միայն բարձրագույն աստիճանի ներկայացուցիչներին էր թույլատրվում իրենց մազերին կամ ականջներին կրել հույայի փետուրներ: Նախկինում հույայի փետուրները վաճառվել են մինչև 8400 նորզելանդական դոլարով (մոտ 5100 ԱՄՆ դոլար):