Apple-ը կրկին կրճատել է iPad-ի արտադրությունը՝ հանուն iPhone 13-ի, գրում է Nikkei-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Վերջին 2 ամսվա ընթացքում iPad-ի արտադրությունը 50%-ով նվազել է Apple-ի սկզբնական պլաններից, իսկ հին iPhone-ների մասերը նույնպես վերաբաշխվել են iPhone 13-ին: iPad-ը և iPhone-ը կիսում են մի շարք ընդհանուր բաղադրիչներ, ներառյալ հիմնական և ծայրամասային չիպերը: Սա թույլ է տալիս Apple-ին որոշ դեպքերում վերաբաշխել առաքումները տարբեր սարքերի միջև:
Նոր iPhone-ների վաճառքը հասնում է գագաթնակետին դրանց թողարկումից հետո առաջին ամիսներին, հետևաբար iPhone 13-ի սահուն արտադրության ապահովումն ընկերության համար առաջնային է:
Միևնույն ժամանակ, iPad-ի պահանջարկը մնում է բարձր մակարդակի վրա. համաճարակի և հեռահար աշխատանքի պատճառով Apple-ի պլանշետների վաճառքն այս տարվա միայն 9 ամսում աճել է 17.83%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ ընդհանուր 2021 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում iPad առաքումների ծավալը կազմել է 40.3 միլիոն սարք։
2020 թվականին ընկերությունը վերաբաշխեց iPad-ի որոշ մասեր iPhone 12-ին՝ Apple-ի 5G-ով աշխատող սմարթֆոնների առաջին շարքին, որպեսզի օգնի պահպանել մատակարարման անխափան շղթան համաճարակի ժամանակ: