Alibaba-ի դուստր ընկերություն Ant Group ֆինտեխ հսկան ստացել է թույլտվություն՝ ավելացնելու սպառողական վարկավորման իր ստորաբաժանման կապիտալը։ Ինչպես հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով CNBC-ն, այս տեղեկության ֆոնին Alibaba-ի գնանշումներն աճել են 8,74%-ով, մեկ արժեթղթի գինը կազմել է 12,33 դոլար։
Ստորաբաժանման կապիտալը 1,16 միլիարդ դոլարից կավելացվի մինչև 2,69 միլիարդ դոլար, իսկ գործարքի պայմանների համաձայն՝ Ant Group-ը կշարունակի տնօրինել կառույցի 50%-ը: Նոր ներդրողների կազմում կներառվի Հանչժոու քաղաքի կառավարության հետ կապակցված կազմակերպությունը, ինչպես նաև չինական Sunny Optical Technology ընկերությունը: Ընդ որում, կառույցը, որը պատկանում է Հանչժոուի կառավարությանը, կստանա 10%՝ դառնալով Ant Group-ի ստորաբաժանման երկրորդ խոշոր բաժնետերը։
Ստորաբաժանումը ստեղծվել էր 2021 թվականին՝ ֆինտեխ ընկերության վերակազմակերպման շրջանակում։ Դրա մասին հայտարարվել էր, երբ Չինաստանի կարգավորիչները 2020 թվականի վերջին անսպասելիորեն չեղարկեցին Ant Group-ի IPO-ն: Այն ժամանակ ֆինտեխ ընկերությունը, որը գնահատվում էր 313 միլիարդ դոլար, պատրաստվում էր իրականացնել աշխարհում խոշորագույն IPO-ն։ Ընկերությունը նախատեսում էր 34 միլիարդ դոլարի բաժնետոմսեր տեղաբաշխել Շանհայի եւ Հոնկոնգի ֆոնդային բորսաներում։
IPO-ից մի քանի օր առաջ, սակայն կարգավորիչները հետ կանչեցին թույլտվությունը: Դրա պատճառներից մեկը կարող էր լինել Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Մայի եւ Չինաստանի իշխանությունների միջև տարաձայնությունը․ տեղաբաշխումից առաջ Ման քննադատել էր երկրի ֆինանսական համակարգը։