Logo

Twitter-ը պահանջել է շարունակել Մասկի դեմ դատավարությունը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:14 / 07.10.2022LIFETECH
null

Twitter Inc. ընկերությունը, որը կառավարում է նույնանուն սոցիալական ցանցը և դրա ակտիվները, Դելավերի դատարանից պահանջել է շարունակել դատավարությունը միլիարդատեր Իլոն Մասկի դեմ, որի փաստաբանները ցանկանում են փակել գործը և խզել սոցցանցը գնելու պայմանագիրը, գրում է The Guardian-ը։ 

Մասկը Twitter-ին առաջարկել է վերաբացել գործարքը՝ ընկերությունը սկզբնական արժեքով ձեռք բերելու նպատակով: Սակայն մի քանի ամիս շարունակ նա փորձել է խզել դեռևս ապրիլին կնքված պայմանագիրը՝ պնդելով, որ ընկերության ղեկավարությունն իրեն մոլորեցրել է սոցցանցի օգտատերերի քանակի և բոտերով ավտոմատ հաշիվների տարածվածության մասին։ Գործարքը խզելու նոր պատճառ է դարձել Twitter Inc.-ի որոշումը Փիթեր Զատկոյին և նրա փաստաբաններին 7,75 մլն դոլարի փոխհատուցում տալու մասին։ Զատկոն ընկերության անվտանգության նախկին ղեկավարն է։

Այժմ Twitter-ը պահանջում է, որ դատական նիստերը շարունակվեն և ընդմիջում չլինի մինչև հոկտեմբերի 17-ը։

Ավելի վաղ Twitter-ը համաձայնել էր ամերիկացի միլիարդատեր, SpaceX-ի հիմնադիր և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկի առաջարկին՝ կատարել ընկերությունը վաճառելու գործարքը՝ մեկ բաժնետոմսի համար 54,2 դոլար նախնական արժեքով։

fastnews-ads-banner