Հետ կանչելու պատճառն անիվի հանգույցի վատ ամրացված պտուտակներն էին:
Toyota Motor Corp-ը հայտարարել է՝ գտել է խնդրի լուծումը, որը ստիպել է իրեն հետ կանչել 2700 հատ bZ4X էլեկտրական քրոսովեր Եվրոպայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Ճապոնիայից:
Ճապոնական ընկերությունը հունիսին հայտարարել էր, որ հետ է կանչում առաջին զանգվածային արտադրության bZ4X էլեկտրական մեքենաներն այն պատճառով, որ դրանց անիվները կարող են ընկնել շարժման ընթացքում: Հետկանչման պատճառն անիվի հանգույցի վատ ամրացված պտուտակներն էին, որոնք կարող էին թուլանալ հաճախակի կտրուկ շրջադարձերի և արգելակման հետևանքով: Լավագույն դեպքում նրանք իրենց զգացնել էին տալիս բնորոշ աղմուկով, իսկ վատագույն դեպքում անիվները պարզապես կարող էին ընկնել վարելիս:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարգավորող մարմինները խորհուրդ են տվել «խնդրահարույց» քրոսովերների սեփականատերերին ժամանակավորապես դադարեցնել դրանց շահագործումը, քանի դեռ չի գտնվել խնդրի «մշտական լուծում»:
Հիմա այդ լուծումը կա. Toyota-ն խոստացել է փոխարինել բոլոր հետ կանչված քրոսովերների անիվներիի պտուտակները և պատշաճ ամրացնել դրանք, Reuters-ին հայտնել է Ճապոնիայի տրանսպորտի նախարարությունը:
Ընկերությունը նաև հայտարարել է, որ հայտնաբերել և ուղղել է մեքենայի անվտանգության բարձիկների հետ կապված հնարավոր խնդիրը՝ համոզվելով, որ վարագույրները, որոնք նախատեսված են վթարի ժամանակ գլխի վնասվածքները կանխելու համար, ճիշտ են տեղադրված: Նման խնդիր նախկինում չի բացահայտվել։