2016 թվականից դրա համար ավելի քան կես միլիոն մեղու է աշխատում։
Շատ ավտոարտադրողներ, փորձելով իրենց գործունեությունը տնտեսապես ավելի կայուն դարձնել, զբաղվում են բիզնեսով, որն անմիջականորեն կապված չէ մեքենաների վաճառքի հետ: Lamborghini-ն բացառություն չէ. ապրանքանիշը միավորում է լիզինգային գրասենյակը, կաստոմիզացիայի կենտրոնները, պահեստամասերի խանութը, միջոցառումների տարածքները և եկամտի այլ աղբյուրներ: Բացի այդ ամենը, Lamborghini-ն ունի մեղրի սեփական արտադրություն, սակայն այն հնարավոր չէ գնել։
Lamborghini-ն հայտնել է, որ դեռևս 2016 թվականին կառուցել է մեղվանոց, որը նախատեսված է մոտ 600 000 մեղվի համար։ Այն գտնվում է Սանտ Ագատա Բոլոնեզեի Lamborghini այգում և տարեկան արտադրում է մոտ 430 կիլոգրամ մեղր, որն ընկերությունն իր աշխատակիցներին է նվիրում Սուրբ Ծննդյան տոներին։
Lamborghini-ն, սակայն, ավտոմոբիլային արդյունաբերության մեջ մեղրի միակ և ամենախոշոր արտադրողը չէ: Հինգ տարի առաջ Porsche-ն բրենդի Լայպցիգի գործարանում ավարտեց մեղվանոցի կառուցումը 1,5 միլիոն մեղվի համար: Turbienchen կոչվող ապրանքի 400 կիլոգրամը վաճառվեց ապրանքանիշի գործարանային խանութում ընդամենը մի քանի օրում, որից հետո մեղվանոցի հզորությունը հասավ մինչև երեք միլիոն մեղվի։ Ամեն տարի այն տալիս է մոտ մեկ տոննա մեղր: Bentley-ն, որը մտնում է Volkswagen Group-ի մեջ, մեղր է արտադրում 2019 թվականից։
Ֆիրմային մեղվանոց ունի նաև Rolls-Royce-ը։ Դրանում բնակեցված է մոտ 300 հազար մեղրաբեր միջատ, որոնց խնամքի համար մեկ տարի առաջ ընկերությունը կամավորներ էր փնտրում իր աշխատակիցների շրջանում։ Մեղուների պարսերը, որոնք անվանվել են Rolls-Royce-ի մոդելների և «Էքստազիի ոգու» անուններով, ապրում են բրիտանական Գուդվուդում և հուշանվերային մեղր են արտադրում հաճախորդների համար:
Մեղվանոցը Lamborghini-ի բնապահպանական նախաձեռնություններից է։ Նրան է պատկանում նաև Էմիլիա-Ռոմանիա տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայանը: Այդուամենայնիվ, արտադրողը մտադիր չէ բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնել. մինչև 2030 թվականն ընկերությունը կներկայացնի իր առաջին էլեկտրական մեքենան, սակայն շարքում կպահի սովորական ներքին այրման շարժիչներով սուպերքարերը: