Logo

Այսպիսի Հյուսիսային Կորեա դեռ չեք տեսել. Դեյվիդ Գուտենֆելդերի նկարները բացահայտել են աշխարհի ամենափակ երկրներից մեկը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:23 / 12.01.2022Լուրեր

Հյուսիսային Կորեան աշխարհի ամենափակ երկրներից մեկն է։ Օտարերկրացիների համար դժվար է այնտեղ հասնելը, առավել դժվար է տեսնել երկրի բնակիչների առօրյան, և ոչ միայն ԿԺԴՀ-ի այն հատվածը, որն իշխանությունները փորձում են ցույց տալ աշխարհին: Ամերիկացի լուսանկարիչ Դեյվիդ Գուտենֆելդերն արևմտյան առաջին լրագրողներից է, որն աշխատել է Հյուսիսային Կորեայում։

2011 թվականին World Press Photo-ի մի քանի մրցանակների դափնեկիր և Պուլիցերյան մրցանակի բազմակի նոմինանտ Գուտենֆելդերն առաջին անգամ այցելել է ԿԺԴՀ՝ օգնելու Փհենյանում Associated Press-ի բյուրոյի բացմանը։

«Ոչ ոք ոչինչ չգիտի Հյուսիսային Կորեայի մասին։ Ես զգում եմ, որ մեծ հնարավորություններ են բացվում ինձ համար, և ես մեծ պատասխանատվություն եմ զգում»,- ասել է Գուտենֆելդերը հարցազրույցներից մեկում։

Ըստ լուսանկարչի պատմածի՝ Հյուսիսային Կորեայի իշխանություններն ուշադիր հետևել են նրա տեղաշարժին և տեղի բնակիչների հետ շփումներին։

Այնուամենայնիվ, Գուտենֆելդերը բացառիկ հնարավորություն է ունեցել «բացելու պատուհան դեպի մի վայր, որը ոչ ոք չէր տեսել» և ցույց տալու ԿԺԴՀ-ի առօրյան ու այս երկրի առանձնահատուկ գեղեցկությունը։

Ներկայացնում ենք նկարներ, որոնք Գուտենֆելդերն արել է ԿԺԴՀ-ում գտնվելու առաջին տարվա ընթացքում։ Այդ տարի, մասնավորապես, մահացել է Կիմ Չեն Իրը, և երկիրը սկսել էր ղեկավարել նրա որդին՝ Կիմ Չեն Ընը։

Փհենյանի մետրոյի կայարանում ուղևորները թերթ են կարդում։ 10 մարտի, 2011 թ. Հյուսիսային Կորեայի իշխանությունները և՛ 10 տարի առաջ, և՛ հիմա, փորձում են խստորեն վերահսկել, թե երկրում
կատարվողի մասին ինչ տեղեկատվություն դուրս կգա նրա սահմաններից և ինչ նորություններ կիմանան հենց ԿԺԴՀ-ի բնակիչները։

Մետրո Փհենյանում. 10 մարտի, 2010։ Երկար ժամանակ զբոսաշրջիկներին թույլատրվում էր օգտվել միայն մետրոյի
մի քանի կայարաններից, որոնք կառուցվել են 1970-1980-ականներին։ Օտարերկրացիների համար մետրո այցելելու սահմանափակումները վերացվել են միայն 2014թվականին:

Տրոլեյբուս Փհենյանում. 15 ապրիլի, 2011 թ. ԿԺԴՀ-ի նկատմամբ միջուկային ծրագրի պատճառով սահմանված էմբարգոյի պայմաններում արգելվել է
հասարակական տրանսպորտի մատակարարումը երկրին։ ԿԺԴՀ իշխանությունները հայտնել են տրամվայի և տրոլեյբուսների սեփական արտադրության մեկնարկի մասին։

 

fastnews-ads-banner