Apple Watch Series 7-ի օգտատերերից մեկը պատմել է 9to5mac-ին, թե ինչպես է իր ժամացույցը պայթել և այրել բազմոցը:
Աքսեսուարի տիրոջ խոսքով` երբ ինքը կրել է Apple Watch-ը, նկատել է, որ ժամացույցը սովորականից տաք է։ Այնուհետև հայտնաբերել է, որ գաջեթի հետևի մասը կոտրվել է, և էկրանին հայտնվել է ծանուցում բարձր ջերմաստիճանի պատճառով անջատվելու մասին: Այդ ժամանակ օգտատերը գտնվել է տանը, որտեղ ջերմաստիճանը 20 աստիճանից մի փոքր բարձր է եղել:
Նա զանգահարել է Apple-ի աջակցության կենտրոն։ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Apple-ը հետաքննություն կանցկացնի և խորհուրդ չի տվել դիպչել ժամացույցին, քանի դեռ չի ստացել փորձագետների պատասխանը:
Հաջորդ առավոտ Apple Watch-ի օգտատերն աքսեսուարը շոշափելիս պարզել է, որ այն էլ ավելի տաք է, իսկ սարքի էկրանը փշրվել է ուռած մարտկոցի և ջերմության ազդեցության հետևանքով: Երբ նա վերցրել է ժամացույցը, որպեսզի լուսանկարի և ուղարկի Apple-ին, այն սկսել է «ճայթյունի ձայներ» արձակել, իսկ հետո պայթել է։ Ժամացույցն այրել է օգտատիրոջ բազմոցը, սակայն նա ինքը չի տուժել։
Միջադեպից հետո տուժողը կրկին դիմել է Apple-ին, որտեղից նրան ասել են, որ դեպքը լինելու է «առաջնահերթություն»։ Դրանից անմիջապես հետո ընկերությունը հայտարարել է, որ հետ է վերցնում Apple Watch-ը խնդիրն ախտորոշելու համար, ինչպես նաև դեպքը չբացահայտելու խնդրանքով գրություն է ուղարկել տուժողին, որը նա չի ստորագրել։