Sotheby's աճուրդի տունն աճուրդի կհանի Enigma սև ադամանդը՝ 555.55 կարատ (մոտ 112 գրամ) քաշով հազվագյուտ քարը փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Դուբայում։
Ավելի քան 2 տասնամյակ ադամանդը մասնավոր հավաքածուում էր, ցուցահանդեսների չէր մասնակցում և բաց վաճառքի չէր հանվում։
«Առաջիկա աճուրդը եզակի հնարավորություն է ձեռք բերելու հազվագյուտ հրաշքը», - ասել է Sotheby's ոսկերչության մասնագետ Նիկիտա Բինանին:
Աճուրդի տունը պարզաբանել է, որ քարի սեփականատերը այն գնել է 1999 կամ 2000 թվականներին, իսկ ադամանդի քաշը կազմել է ավելի քան 800 կարատ։ Մշակման համար պահանջվել է մի քանի տարի։ Չնայած այն հանգամանքին, որ գոհարի չափերը նվազել են, այն շարունակում է մնալ աշխարհի ամենամեծ սև ադամանդը:
Sotheby's-ը հայտնում է, որ Enigma-ն աճուրդի կհանվի առանց պահուստային գնի. այն հասանելի կլինի ամենաբարձր գին առաջարկողին: Կրիպտոարժույթով վաճառք նույնպես կիրականացվի: