Logo

4 հետաքրքիր փաստ առաջին Mercedes ավտոմեքենայի ստեղծողի՝ Վիլհելմ Մայբախի մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:42 / 26.10.2022LIFETECH
Վիլհելմ Մայբախ

Վիլհելմ Մայբախ անունն ընդմիշտ մտավ համաշխարհային պատմության մեջ՝ մեքենաշինության ոլորտում իր գյուտերի շնորհիվ։ 

Մինչ այժմ նրա անունը կրում են Mercedes-Maybach լյուքսային ապրանքանիշի գերմանական շքեղ մեքենաները, որոնք հայտնի են հարմարավետության բարձր մակարդակով և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ։

VNews Life-ն առաջարկում է ավելին իմանալ հաջողակ ձեռներեցի և տաղանդավոր ավտոկոնստրուկտորի մասին․

Վիլհելմ Մայբախը 10 տարեկանում որբացել էՎիլհելմ Մայբախ-1

Վիլհելմ Մայբախը ծնվել է Հեյլբրոն քաղաքում (Գերմանիա), 1846 թվականին, ատաղձագործի ընտանիքում: Հանգամանքների բերումով տղան 10 տարեկանում որբանում է։ Երեխայի ճակատագրով հետաքրքրվում է բարեգործական կազմակերպություն, և տղան հայտնվում է Bruderhaus Reutlingen մանկատանը: Վիլհելմը ցերեկն աշխատում էր գործարանի արտադրամասում, իսկ երեկոյան հաճախում էր քաղաքային դպրոցում անցկացվող նկարչության և մաթեմատիկայի դասերի։ Սովորում էր անգլերեն, իսկ ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր՝ կարդալով «Տեխնիկական մեխանիկայի» հեղինակ Յուլիուս Վեյսբախի ստեղծագործությունները։ Վիլհելմի ակնառու ունակությունները բարձր է գնահատում Գուստավ Վերները՝ դպրոցի տնօրենը։

Ճակատագրական հանդիպումը Գոթլիբ Դայմլերի հետ

Վիլհելմ Մայբախ-2

Գերմանացի ինժեներ, դիզայներ և արդյունաբերող Գոթլիբ Դայմլերը մի անգամ այցելում է այն գործարանը, որտեղ աշխատում էր Վիլհելմը: Դայմլերը նշանակվում է գործարանի տեխնիկական տնօրենի պաշտոնում և սկսում զբաղվել ձեռնարկության զարգացմամբ։ Վիլհելմն անմիջապես գրավում է ինժեների ուշադրությունն իր տարիքից ավելի խելացի ու հնարամիտ լինելու շնորհիվ։ Մայբախը նույնպես տպավորվում է իր նոր ուսուցչով և նրա գաղափարներով։

1866 թվականին Դայմլերին առաջարկվում է տեղափոխվել Doiz՝ ներքին այրման ստացիոնար շարժիչներ արտադրող ընկերություն։ Նա համաձայնում է, բայց մի պայմանով. նրա օգնականը՝ Վիլհելմ Մայբախը, նույնպես պետք է աշխատանքի ընդունվեր ընկերությունում։ Doiz-ի ներկայացուցիչներն ընդունում են Դայմլերի պահանջը, և պայմանագիրը կնքվում է։ Նոր ձեռնարկությունում Մայբախն ու Դայմլերը կատարելագործում են շարժիչները՝ նպատակ ունենալով դրանք դարձնել ավելի կոմպակտ ու թեթև: Սակայն որոշ ժամանակ անց գյուտարարները տարաձայնություններ են ունենում Doiz-ի ղեկավարության հետ՝ արդյունքում լքելով ընկերությունն ու հիմնելով իրենց բիզնեսը։

Նոր սերնդի շարժիչներն ու պատմության մեջ առաջին մոտոցիկլետը

Վիլհելմ Մայբախ-3

Հիմնելով սեփական ըկերությունը՝ Վիլհելմ Մայբախն ու Գոթլիբ Դայմլերը հնարավորություն են ստանում աշխատելու իրենց գյուտերի վրա՝ առանց ղեկավարության ճնշումների: Հաջորդ 3 տարվա ընթացքում նրանք միանգամից մի քանի նորամուծություն են ներկայացնում, որոնցից յուրաքանչյուրն առաջընթաց էր արդյունաբերության ոլորտում: 1883 թվականին Վիլհելմ Մայբախը ստացիոնար շարժիչ է պատրաստում, որը, բենզինով աշխատելով, կշռում էր ընդամենը 40 կիլոգրամ։ Նույն տարում Դայլմլերի հետ բռնկման նոր համակարգ է հայտնաբերում: Այդ տարիներին ստացիոնար շարժիչներում խառնուրդը բռնկվում էր բաց կրակից: Գործընկերները սկսեցին օգտագործել շիկացած լամպ, որը տաքացվում էր շիկացած այրիչով: Ամբողջ գործընթացը վերահսկվում էր այրման խցիկի հատուկ փականի միջոցով: Այսպիսով՝ գյուտարարներին հաջողվեց հասնել շարժիչի կայուն աշխատանքի՝ նույնիսկ ցածր արագության դեպքում: 

1885 թվականին Մայբախն ու Դայմլերը ներկայացնում են ներքին այրման շարժիչով առաջին մոտոցիկլետն աշխարհում։ Սա իսկական հեղափոխություն էր մեքենաշինության ոլորտում։ Լեգենդար մոտոցիկլետի պատճենները կարելի է տեսնել Շտուտգարտում գտնվող Mercedes-Benz և Մյունխենի գիտության և տեխնիկայի թանգարաններում:

Մրցակցությունը Կառլ Բենցի հետ և առաջին Mercedes մեքենայի ստեղծումը

Վիլհելմ Մայբախ-4

1880-ականների կեսերին Մայբախը և Դայմլերն ունեին լուրջ մրցակից՝ Կառլ Բենցը, որը 1886 թվականին հայտնագործել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենան աշխարհում։ 1888 թվականին գյուտարար ընկերները փարիզյան համաշխարհային ցուցահանդեսին ներկայացրին իրենց առաջին «լուրջ» Daimler մեքենան։ Ի տարբերություն այլ գյուտարարների, Մայբախն ու Դայլմերն իրենց մեքենան նախագծել էին զրոյից:

1890 թվականին նրանց ընկերությունը փոխեց իր անվանումը Daimler Motoren Gesellschaft-ի (DMG)՝ ձեռք բերելով նոր լոգոտիպ, որը մինչ օրս Mercedes-ի խորհրդանիշն է։ Լոգոն նախատեսված էր ընկերության հիմնական գաղափարը մարմնավորելու համար՝ «Հզոր շարժիչներ ցամաքում, ջրում և օդում»:

1900 թվականին Ավստրո-Հունգարիայի հայտնի ձեռներեց և հյուպատոս Էմիլ Ելինեկը դիմում է DMG-ին՝ իր հատուկ պատվերով նոր մեքենա ստեղծելու խնդրանքով։ Մեքենայի ստեղծման գործընթացով զբաղվում է Վիլհելմ Մայբախը՝ մեկ տարի անց աշխարհին ներկայացնելով Mercedes 35 PS-ը: Մեքենան անվանակոչվում է հաճախորդի դստեր պատվին՝ գերազանցելով ինչպես Էմիլ Ելինեկի, այնպես էլ DMG-ի ամենահամարձակ սպասումները:

Մինչ օրս մոդելը համարվում է լեգենդար ստեղծագործություն՝ դնելով ավտոմեքենաների ճարտարապետության հիմնարար հիմքերը։

fastnews-ads-banner