Ռուսաստանում ամենից շատ կարոտում են IKEA-ն։
Webbankir առցանց ֆինանսական հարթակի վերլուծաբանները պարզել են, թե որ ապրանքանիշերի հեռանալն են ռուսները համարում ամենամեծ կորուստը։ 2022 թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հարցմանը մասնակցել է 1500 մարդ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Ամենից շատ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն ափսոսում են IKEA-ի հեռանալու համար․ հարցվածների 27,2%-ը։ Հաջորդը գալիս է հարավկորեական հսկա Samsung-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Adidas-ը։ Ամբողջ ցուցակն այսպիսի տեսք ունի.
- IKEA ― 27,2%;
- Samsung ― 23,8%;
- Adidas ― 17,3%;
- Apple ― 15,8%;
- Coca-Cola — 15,3%;
- H&M — 14,9%;
- Nike — 14,4%;
- McDonald’s — 8,9%.
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ուշադրություն են դարձրել այնպիսի ապրանքների խմբերի սպառվելուն, ինչպիսիք են մեքենաները և ավտոպահեստամասերը (36,8%), դեղերը (28,4%), կենցաղային տեխնիկան, էլեկտրոնիկան (22,3%), անձնական հիգիենայի պարագաները, կենցաղային քիմիկատները, մարտկոցները, սպասքը, հագուստը և կոշիկը (21,9%)։
Չնայած արտասահմանյան ընկերությունների՝ երկիրը լքելուն, ռուսաստանցիների 83%-ն ապրանքների պակաս չի զգում։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների 77%-ը նշել է, որ շուկայում գտել է բացակայող ապրանքին փոխարինողը հայրենական արտադրողների կողմից: