Logo

Աստղագետները հայտնաբերել են պոտենցիալ բնակելի մոլորակ՝ ամբողջությամբ ծածկված ջրով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:17 / 26.08.2022• LIFETECH
էկզոմոլորակ

Իր աստղի շուրջ տարեկան պտույտի ամբողջական ցիկլն այն անցնում է ընդամենը 11 օրում:

Գիտնականների միջազգային թիմը՝ Մոնրեալի համալսարանի հետազոտողների գլխավորությամբ, հայտարարել է TOI-1452 b էկզոմոլորակի հայտնաբերման մասին, որը պտտվում է Վիշապի համաստեղության TOI-1452 երկու աստղի շուրջը: Դատելով TESS տիեզերական աստղադիտակի միջոցով ստացված տվյալներից՝ նրա ամբողջ մակերեսը ծածկված է ջրով, որը կազմում է ընդհանուր զանգվածի 22-30%-ը։

Համեմատության համար՝ Համաշխարհային օվկիանոսը զբաղեցնում է մեր մոլորակի մակերեսի 70%-ը, բայց նրա զանգվածի միայն 1%-ն է։ Ըստ գիտնականների՝ TOI-1452 b-ը մոտ 70%-ով ավելի մեծ է և գրեթե հինգ անգամ ավելի ծանր, քան Երկիրը: Ընդ որում՝ էկզոմոլորակի ռելիեֆը նույնպես քարքարոտ է։

 

TOI-1452 b-ը հայտնվել է շատ շահեկան դիրքում, այսպես կոչված բնակելի գոտում՝ ոչ շատ մոտ և ոչ շատ հեռու իր աստղից: Հենց դրա շնորհիվ է, որ նրա վրա գտնվող ջուրը պահպանում է հեղուկ ագրեգատային վիճակը։

Էկզոմոլորակը պտտվում է TOI-1452 երկու աստղի շուրջը՝ անցնելով տարեկան ամբողջական ցիկլը 11,1 օրում։ Նրա լուսատուների միջև հեռավորությունը 97 աստղագիտական միավոր է, ինչը մոտ 2,5 անգամ գերազանցում է Արեգակի և Պլուտոնի միջև եղած հեռավորությունը։ Այն գտնվում է Երկրից մոտ 100 լուսային տարի հեռավորության վրա։

Աստղագետները կարծում են, որ այս գտածոն իդեալական թեկնածու կլինի «Ջեյմս Ուեբ» աստղադիտակով դիտումների համար: Նախ՝ TOI-1452-ը բարեխառն կլիմայական և օվկիանոսային համակարգ ունեցող մի քանի մոլորակներից մեկն է: Երկրորդ՝ գտնվում է Երկրին համեմատաբար մոտ, այնպես, որ հետազոտողները բավական հնարավորություններ կունենան մանրամասն ուսումնասիրելու նրա մթնոլորտը։
 

fastnews-ads-banner