Logo

«Նա ինձ Էտո՛օյին է հիշեցնում». ով է Ա սերիայի նոր աստղը, որի համար արդեն թեժ պայքար է գնում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 01.10.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
Osimhen Napoli - «Նա ինձ Էտո՛օյին է հիշեցնում». ով է Ա սերիայի նոր աստղը, որի համար արդեն թեժ պայքար է գնում

Ասում են՝ Լա լիգան ու Ա սերիան թուլացել են: Պատճա՞ռը. մի առաջնությունից հեռացել է Լիոնել Մեսին, մյուսից՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանց հեռանալով այդ առաջնությունները գցել են իրենց կարգը, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է՝ երկու առաջնություններում էլ պայքարը սրվել է, թիմերի ուժերը՝ համեմատաբար հավասարվել:

Բացի դա՝ «տեղ» է բացվել երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստների համար՝ իրենց որակները ցույց տալու և ինքնադրսևորվելու համար: Իտալիայի առաջնությունում արդեն հայտնվել է մեկը, որն իր խաղով հասցրել է հիացնել երկրպագուներին: Լուկակուի ու Ռոնալդուի հեռանալուց հետո Ա սերիան նոր աստղ ունի՝ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը. «Նրա ֆիզիկական տվյալներն ինձ ապշեցնում են: Վիկտորը Լուկակուի հետնորդն է», – նշում է իտալացի նախկին ֆուտբոլիստ Ջանֆրանկո Ձոլան:

Օսիմհենը «Նապոլի» տեղափոխվեց «Լիլից» 2020-ի ամռանը 70 մլն եվրոյի դիմաց՝ դառնալով իտալական ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը: Նրա առաջին մրցաշրջանը Նեապոլում հաջող չէր. ուսի վնասվածքը թույլ չտվեց նրան ցույց տալ այն խաղը, որի համար վճարվել էր այդքան խոշոր գումար: Բայց նույնիսկ այդ պայմաններում անցկացրած 1866 խաղային րոպեում նա խփեց 10 գոլ: Իսկ արդեն այս մրցաշրջանում նա անկասելի է. Օսին անցկացրած 6 խաղում դարձել է 6 գոլի (որոնցից 4-ը՝ Ա սերիայում) և 1 գոլային փոխանցման հեղինակ: Օսիմհենի հաջորդ թիրախը Մոսկվայի «Սպարտակն» է՝ Եվրոպա լիգայում:

Մեր ընտրանին

Օսիմհենի ճանապարհը սկսել է Օլուսոսունից՝ Աֆրիկայի ամենամեծ աղբանոցներից մեկից. «Ես աղբանոցի հարակից տարածքում շշերով ջուր էի վաճառում՝ սովից չմեռնելու համար», – խոստովանում է ֆուտբոլիստը: Բայց հենց այդտեղ՝ աղբանոցից խաղակոշիկներ գտնելով նա որոշում է իր կյանքը կապել գնդակին. «Երբեմն աջ ոտքիս համար գտնում էի Adidas-ի խաղակոշիկ, երբեմն ձախ ոտքիս համար՝ Reebok-ի խաղակոշիկ, ու սկսում էի ֆուտբոլ խաղալ, շատ դեպքերում՝ միայնակ: Ինձ համար այդ ժամանակ ֆուտբոլը պարզապես խաղ էր, զվարճանք, դաժան կյանքումս եզակի դրական րոպեներ անցկացնելու ձև, բայց այն իրականում ինձ համար դարձավ գոյատևման ու ապրուստի միջոց», – նշում է Օսիմհենը, որն ընդունվում է տեղի ակադեմիաներից մեկն ու շատ արագ աչքի ընկնում տաղանդով:

2015-ին՝ Մ17 տարիքայինների աշխարհի առաջնությանը, նիգերիացին դառնում է մրցաշարի լավագույն ռմբարկուն՝ նվաճելով ոսկե խաղակոշիկը, ինչպես նաև մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում ու նվաճում նաև արծաթե գնդակը: Այդ մրցաշարից հետո Օսիմհենի կյանքը կտրուկ փոխվում է: 16 տարեկանում նա պայմանագիր է կնքում «Վոլֆսբուրգի» հետ:

VfL Wolfsburg reject Inter's latest offer for Victor Osimhen

«Վիկտորը շատ երիտասարդ էր, այդ աշխարհի առաջնությունը մեկ ակնթարթի նման անցավ ու նա էլ չհասկացավ՝ ինչպես փոխվեց ամեն ինչ մրցաշարից հետո: Նա գիտեր իր ուժեղ կողմերն ու ուներ մեկ նպատակ՝ մարզումներին ցույց տալ այդ ամենը, իր արագությունը, գնդակի հետ վարվելու կարողությունն ու պայքարելու իր ձգտումը: Նա կատարյալ էր իր տարիքի համար: Օսիմհենին չէր բավականացնում միայն խաղային հասունությունը, որը նա ձեռք բերեց Բելգիայում՝ «Շարլերուա» ակումբում: Այդտեղ նրան շատ օգնեց նաև մարզչի վստահությունը, որը համարձակություն ունեցավ խաղադրույք կատարել Օսիմհենի վրա, և ամեն ինչ հրաշալի ստացվեց», – նշում է նիգերիացու նախկին խաղընկեր Իգնասիո Կամաչոն:

«Վոլֆսբուրգում» Օսիմհենն անցկացրեց 16 խաղ, բայց չկարողացավ գոլ խփել ու ստիպված եղավ տեղափոխվել «Շարլերուա»: «Նրա դեպքը սովորականներից էր: Բելգիացի սկաուտներն ուշադիր հետևում են Գերմանիայում խաղացող տաղանդավոր երիտասարդներին, սկզբից առաջարկում են ամենաուժեղ ակումբին՝ «Բրյուգեին», բայց նրանք հրաժարվում են Օսիմհենից, և նա տեղափոխվում է կարգով ավելի ցածր ակումբ՝ «Շարլերուա» », – նշում է բելգիական թիմում Օսիմհենի խաղընկեր՝ Խավի Մարտոսը. «Այդ տարիներին Օսիմհենը չէր փայլում իր բարձր տեխնիկայով, քանի որ ֆիզիկապես նրա համար դա շատ դժվար էր: Նա չափազանց բարձրահասակ էր և ուներ երկար ոտքեր: Բայց Օսիմհենը շատ ինքնավստահ էր ու չէր կասկածում, որ թոփ ֆուտբոլիստ է դառնալու: Նա ապրում էր ֆուտբոլով, իր օրերն անցկացնում էր Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսիի տեսանյութերը դիտելով: Եթե պետք է 50 անգամ աներ նույն վարժությունը՝ գնդակը ճիշտ կասեցնելու համար, նա կաներ դա առանց վարանելու»:

Osimhen nets brace to send Charleroi to Europa League playoffs final | AOIFOOTBALL.COM

Համառության, աշխատասիրության ու պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Օսիմհենն ունենում է խաղային առաջընթաց. «Նա զգալիորեն կատարելագործեց իր՝ գրոհները եզրափակելու հատկանիշները մեծ ջանքերի ու մարզումների շնորհիվ: Հիշում եմ՝ սկզբում ունեցած 8 գոլային հնարավորությունից նա կօգտագործեր մեկը կամ շատ ավելի վատ՝ գոլ չէր խփի: Բայց պետք է խոստովանեմ, որ այդ 8 պահերից 4-ը նա ինքն էր ստեղծում իր համար: Ես պաշտպանության կենտրոնում էի խաղում, հեռահար փոխանցում էի կատարում Օսիմհենի ուղղությամբ, նա բացում էր ձեռքերը, կրծքով ընդունում գնդակը և արագությամբ շրջանցում մրցակցի պաշտպաններին: Նա 1.90մ հասակ ուներ, բայց նրա նման ճկուն ֆուտբոլիստ երբեք չեմ տեսել: Նա կարող էր ոտքը բարձրացնել մինչև իր գլուխը՝ ինչպես Իբրահիմովիչը, կարող էր ցատկել՝ ինչպես Ռոնալդուն:

Իմ աչքի առաջ Վիկտորը զարգացրեց իր խաղը, աճեց, հասունացավ, ու նրա համար տարբերություն չկար՝ Իտալիայում է խաղում, Բելգիայում, թե՝ Ֆրանսիայում, թոփ պաշտպանի դեմ է խաղում, թե՝ միջակի: Ո՞ւմ է նման նա խաղաոճով. նա ինձ Դրոգբային է հիշեցնում իր արագությամբ ու գրոհների եզրափակմամբ»:

«Շարլերուան» Օսիմհենին գնեց ընդամենը 3.5 մլն եվրոյով ու վաճառեց «Լիլին» 22 մլն եվրոյի դիմաց: Ֆրանսիական ակումբում Օսիմհենի ֆիզպատրաստվածության մարզիչը Պեդրո Գոմեսն էր, որը նույնպես տպավորված է նիգերիացու որակներով. «Վիկտորը գալիս էր Աֆրիկայի գավաթի խաղարկությունից: Հավաքվել էինք մարզաբազայում՝ ակումբի մարզական տնօրեն Լուիս Կամպոսի և գլխավոր մարզչի Քրիստոֆ Գալտյեի հետ միասին: Նրանք թիմի առջև առաջադրանքներ դրեցին, ու այդ օրվանից 3 օր հետո Օսիմհենը դուբլի հեղինակ դարձավ: Նա չի վախենում մարտահրավերներից: Երբ ինչ-որ հանձնարարություն էր ստանում, ավելի մոտիվացված էր խաղում:

Victor Osimhen: Five things on Lille's Nigerian star striker

Օսիմհենն ինձ Էտո՛օյին է հիշեցնում՝ նրա արագությունը, մրցակցից պոկվելն ու հարվածի ճիշտ պահն ընտրելը: Նա շատ ագրեսիվ է, ճնշում է գործադրում պաշտպանների վրա, և հետաքրքիր է, որ նրա խաղը վարակիչ է. Օսիմհենի կողքին բոլորը սկսում են ավելի լավ խաղալ: Կարծում եմ՝ նա «Լիլի» ընդգծված առաջատարն էր:

Այդուհանդերձ, նա իր ամբողջ ներուժը դեռ չի բացահայտել: Երբ եկավ «Լիլ», տեխնիկապես ու տակտիկապես ավելացնելու շատ տեղ ուներ: Այնտեղ նա կատարելագործեց իր խաղը, ու հիմա ամբողջովին պատրաստ է եվրոպական թոփ թիմում խաղալուն: Ժամանակի հետ նա ավելի ուժեղ թիմ կտեղափոխվի, կաշխատի լավագույն մարզիչների հետ, որոնք նրան կդարձնեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը», – վստահ է Գոմեսը:

Հիմա Օսիմհենը «Նապոլիում» է, ու արդեն ակներև է՝ որքան մեծ պոտենցիալ ունի այս ֆուտբոլիստը: Կասկած չկա, որ 22-ամյա ֆուտբոլիստի կարիերայում «Նապոլին» վերջին ակումբը չէ, նրան ավելի մեծ ապագա է սպասում: Պատահական չէ, որ նեապոլցիներն այս պահին առաջինն են Ա սերիայում՝ 100 տոկոսանոց ցուցանիշով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


fastnews-ads-banner