Գրեթե միշտ, երբ որևէ բառ կամ էմոցիա չես կարողանում արտահայտել, դրա փոխարեն ցույց ես տալիս ինչ-որ լուսանկար, որն առավել քան խոսուն է: Ֆոտոլրագրողները, սովորաբար, կարողանում են ֆիքսել այնպիսի լուսանկարներ, որոնք լավագույնս արտահայտում են այն, ինչ տեղի է ունեցել այդ դրվագում: Ֆուտբոլային պատմության մեջ շատ են եղել հանդիպումներ, որոնք իրենցով հիշվող չեն, կամ էլ դրանց արդյունքը ոչ մի նշանակություն չի ունեցել, սակայն այդ խաղից հիշվող է դարձել որևէ լուսանկար:
VNews.am-ը շարունակում է իր նոր՝ #Ապրող_ֆոտոներ շարքը նաև 2019-ին: Մենք ամեն անգամ փորձելու ենք անդրադարձ կատարել լուսանկարներին, որոնք դուք միանշանակ տեսել եք: Դրանք իրենց մեջ շատ հաճախ պարունակում են այնպիսի գաղտնիքներ կամ պատմություններ, որոնց մասին քչերը գիտեն:

Այս անգամ որոշեցինք անդրադառնալ ոչ թե ֆուտբոլի, այլ, ինչպես ասում են, արքայական ավտոսպորտին: Ֆորմուլա 1-ը 2000-ականներին համարվում է դասական ժամանակահատված, երբ լեգենդար պիլոտներ Միխայել Շումախերն ու Խուան Պաբլո Մոնտոյան դեռևս չէին ավարտել իրենց մրցելույթները, իսկ երիտասարդ Հեմիլթոնն ու Ֆետելն իրենց առաջին քայլերն էին անում էլիտայում: Այս փորձի ու երիտասարդության փոխատեղման արդյունքում 2007 թվականի աշխարհի առաջնությունն առավել քան հետաքրքիր ստացվեց:
Մրցաշրջանի մեկնարկից չեմպիոնության համար պայքարում էր 4 ավտոարշավորդ, արդեն մեծ փորձ հավաքած Կիմի Ռայկոնենը, Ֆելիպե Մասան ու Ֆերնանդո Ալոնսոն, ինչպես նաև երիտասարդ, այն ժամանակ մեծ մրցաշարերում նորամուտը նշող Լյուիս Հեմիլթոնը: Սակայն առաջնության հենց սկզբից, Հեմիլթոնից զատ, բոլորի ուշադրությունը գրավեց համեստ «Ուիլյամսի» պիլոտ Ռոբերտ Կուբիցան: Լեհ ավտոարշավորդը զարմացնում էր իր ագրեսիվությամբ ու համարձակությամբ: Նրա վազանցները զարդարում էին Գրան Պրիների ամփոփ հոլովակները:

Գնալով Ռոբերտ Կուբիցան զարգացրեց իր հաջողությունը: Առաջին երկու Գրան Պրիում Կուբիցան միավորներ վաստակել չկարողացավ, սակայն հաջորդ երեքում ստաբիլ միավորներ հավաքեց, իսկ Մոնակոյի Գրան Պրիում գրաված 5-րդ տեղը նրա կարգավիճակին փոքրիկ աստղ ավելացրեց (մրցաշարի ամենաէլիտարդ մրցուղում միավոր վաստակելը մեծ պատիվ է): Այդպես գործը հասավ Կանադայի Գրան Պրիին: Ժիլ Վիլնյովի անունը կրող մրցուղին երկրպագուների վարկածով ամենահետաքրքիրներից է: Այստեղ ամեն մետրի վրա կարելի է զարմանալի վազանցներ կատարել, իսկ հաճախակի տեղացող անձրևները գրեթե միշտ լրացուցիչ պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում:
Բացառություն չէր նաև 2007-ի Կանադայի Գրան Պրին: Թեպետ անձրև չեկավ, սակայն Գրան Պրիի սկզբից պիլոտները կատարում էին վազանցներ, գրանցվում էին վթարներ, անգամ անհրաժեշտ եղավ անվտանգության մեքենայի դուրս գալը: Ամեն ինչ ստանդարտ հետաքրքիր կերպով կընթանար ու կավարտվեր, սակայն Ռոբերտ Կուբիցան դեմ էր դրան: Նրա մասնակցությամբ դրվագը հավերժ մտավ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ:

Գրան Պրիի 28-րդ շրջանում լեհ Պիլոտը գնում էր հերթական վազանցի, սակայն հանկարծակի չկարողացավ կառավարել իր բոլիդը, այն դուրս եկավ երթևեկելի գուտոց, մտավ խոտածածկ տարածք, դիպավ տեղադրված հատուկ էլեմենտներից մեկին: Մեքենայի 4 ակն էլ կտրվեցին գետնից ու հաջորդ վայրկյանին բախվեցին բետոնե պատնեշին: Եվս 10-20 մետր Կուբիցայի մեքենան, ավելի ճիշտ այն, ինչ դրանից մնացել էր, քարշ գալով մրցուղու երկայնքով, հասավ մյուս պատնեիշին, այնտեղ էլ բախում գրանցվեց, որից հետո, վերջապես կանգ առավ…
Մի քանի րոպե տրիբունաներում ու բոքսերում իրարանցում էր տիրում: 6 շրջան դեռևս պիլոտները երթևեկում էին անվտանգության մեքենայի հետևից, մինչև շտապօգնության մեքենան չհասավ, ու բժիշկները չօգնեցին երիտասարդ Կուբիցային լքելու բոլիդը:
Ի՞նչ եղավ հետո.
- Գրան Պրին շարունակվեց ու ավարտվեց բրիտանացի Լյուիս Հեմիլթոնի հաղթանակով
- Դա Բրիտանացու առաջին հաղթանակն էր Ֆորմուլա 1-ում
- Բարեբախտաբար, Ռոբերտ Կուբիցայի համար ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Նրան տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ ընդամենը 1 օր անցկացնելուց հետո, լեհ պիլոտը դուրս գրվեց:
- Հետագա ռիսկերից խուսափելու համար նրան խորհուրդ տվեցին խուսափել հաջորդ՝ ԱՄՆ-ի Գրան Պրիին մասնակցելուց:
- Կուբիցան համաձայնեց ու իր տեղը զիջեց պահեստային, երրորդ արշավորդին: Նրա անունը Սեբաստիան Ֆետել էր:

